JUST DILIJAN IT! ամառային ծրագրերի թեմաներն ընտրված են

2017թ․ JUST DILIJAN IT!-ի ծրագրերը կանցկացվեն UWC Dilijan քոլեջում։ 14 օր տևողությամբ 4 հերթափոխները կշարունակվեն հունիսի 7-ից օգոստոսի 4-ը։ Նախատեսվում է, որ յուրաքանչյուր հերթափոխում (երկու անգլալեզու և երկու ռուսալեզու) ներգրավված կլինի 100-120 մասնակից։

JUST DILIJAN IT!-ը նորարարական կրթական ծրագրեր են, որոնք հիմնված են մանկավարժների ու մասնակիցների միջև ազատ շփման և ստեղծագործական գործընթացում նրանց ներգրավման հեղինակային մեթոդների վրա։ Անցյալ տարվա ամռանը ծրագրերին մասնակցել է 10-17 տարեկան 200 դեռահաս Հայաստանից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հունաստանից, Իսպանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Շվեյցարիայից։ Զվարճանքի միջոցով կրթությունը, երեխայի` ընտրելու հնարավորությունը, հայտնի փորձագետների և փորձառու մանկավարժների ներգրավումը JUST DILIJAN IT!-ի առանձնահատկությունն են դարձել։

JUST DILIJAN IT!-ը կազմակերպող Scholae Mundi հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Նատալյա Պոդոլնայայի խոսքով այս տարի որոշվել է ուժեղացնել մանկական հանգստի կրթական բաղադրիչը։ Տաղանդավոր փորձագետների ու փորձառու դասավանդողների թիմին միացել են նոր մարդիկ՝ կրթության ոլորտում ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիր Յուրի Գորվիցը և «Գիտության տոն» » նորարարական ու ճանաչողական ծրագրերի հիմնադիր և ղեկավար Սերգեյ Կորնեևը։ Ստորև կարող եք գտնել JUST DILIJAN IT! ամառային ծրագրերի դասացուցակն ու մանրամասն նկարագիրը։

Առաջին հերթափոխ․ Բացահայտի՛ր մարդուն։ 2017թ․հունիսի 7-20

Հիմնական լեզուն՝ ռուսերեն

Մենք՝ բոլորս, նման ենք միմյանց, սակայն միևնույն ժամանակ շատ յուրահատուկ ենք։ Ի՞նչն է ձևավորում մեր անհատականությունը։ Ինչո՞ւ են մեր հետաքրքրություններն այդքան տարբեր, սակայն մենք կարողանում ենք ընդհանուր հետաքրքրություններով ընկերներ գտնել։ Ինչո՞ւ ենք մենք այնպիսին, ինչպիսին կանք։ Ինչպե՞ս է աշխատում մեր ուղեղը և արդյոք միշտ կարո՞ղ ենք վստահել նրան։ Ո՞րն է սկեպտիկ կամ իրատեսական մտածողությունը։ Ինչպե՞ս ենք մենք հասկանում միմյանց։ Ինչպե՞ս զարգացնել մեր ուժեղ կողմերը և ավելի լավը դառնալ։

Երեխաները փորձագետների հետ կսովորեն, թե մարդն ինչպես է զարգանում, ինչպես են ձևավորվում բնավորությունն ու սովորությունները, և հնարավո՞ր է արդյոք «կերտել ինքդ քեզ»։ Երևակայությունը կուսումնասիրենք թատերական բեմադրությունների միջոցով, ինտելեկտը՝ տրամաբանական մրցույթների արդյունքում, հետաքրքրասիրությունը՝ Դիլիջանի բնությունն ուսումնասիրելով,հմտությունը՝ հայկական ավանդական արհեստներ յուրացնելով։

Ավարտական նախագծեր՝ Թատերական փառատոն, Մշակութային նախագծերի ցուցահանդես։

Երկրորդ հերթափոխ․ Բացահայտի՛ր մշակույթը։ 2017թ․ հունիսի 22-հուլիսի 5

Հիմնական լեզուն՝ ռուսերեն

Հայաստանն այն վայրերից է, որտեղ հնագույն պատմությունը բառացիորեն «ապրում է»։ Այստեղ հնարավոր է տեսնել թե նախնադարյան ժայռապատկերներ, թե անտիկ շրջանի տաճարներ, թե Եվրոպայի և Ասիայի հզորագույն քաղաքակրթությունների բախման հետքեր, թե միջնադարյան ամրոցներ ու վանքեր, որոնք լռությամբ պահպանում են նախնիների ժառանգությունը։ Այստեղ նաև հնարավոր է տեսնել 20-րդ դարի բարդ պատմությունն ու ապագայի հետքերը։ Ինչպիսի՞ն է մշակույթը։ Ինչպե՞ս է զարգացել քաղաքակրթությունը։

Ի՞նչ կարող է անցյալը պատմել ներկայի մասին։ Ինչի՞ շնորհիվ տարբեր մարդկանց միջև երկխոսություն կառուցել։ Երեխաները արվեստի ու պատմության միջոցով կծանոթանան Հայաստանի մշակույթին, կիմանան, թե ինչպես են անցկացվում պատմական հետազոտությունները, կմասնակցեն Դիլիջանի պատմության ուսումնասիրմանն ու սեփական պատմությունը գրելու հնարավորություն կունենան։ Կծանոթանան համաշխարհային մշակույթի գանձերին (գրականություն, կերպարվեստ, տեխնոլոգիաներ)։

Ավարտական նախագիծ՝ Արվեստների դիլիջանյան փառատոն (Դելֆիյան խաղեր)։

Երրորդ հերթափոխ։ Բացահայտի՛ր տիեզերքը։ 2017թ․ հուլիսի 7-20

Հիմնական լեզուն՝ անգլերեն

Գիտությունն ուղղակի գեղեցիկ բառ չէ ինչ-որ բարդ տեսությունների մասին, որոնք մեզ համար հարմարավետ իրերի են վերածվում (օրինակ՝ գաջեթները)։ Գիտությունը, նախ և առաջ, մարդու կողմից աշխարհի ճանաչումն է, նրա սահմանների և հնարավորությունների ուսումնասիրությունը, առանձնահատկությունների և օրենքների բացահայտումը։ Ինչպե՞ս է կառուցված մեր տիեզերքը, ինչի՞ց է այն կազմված և ի՞նչ օրենքներով է շարժվում։ Ինչպե՞ս է մարդուն հաջողվել անիվից անցում կատարել Մեծ ժայթքումից առաջացած մնացորդային ճառագայթման ուսումնասիրմանը, ո՞ր գիտական գաղափարներն են ամբողջապես փոխել մարդու պատկերացումն աշխարհի մասին, և որո՞նք են գիտության առաջնահերթություններն այսօր։

Երեխաները կարող են ընդլայնել իրենց իմացությունը բնական գիտությունների ոլորտում, աշխատել գիտական հետազոտությունների համար նախատեսված սարքավորումներով, ինքնուրույն փորձագիտական աշխատանքներ ու ուսումնասիրություններ կատարել, ծանոթանալ գիտական մեթոդի հիմքերին և շրջակա աշխարհին։ Հերթափոխի փորձագետների հետ միասին երեխաները կարող են իրենց իրական գիտաշխատողների դերում զգալ, հետազոտական աշխատանքներ պատրաստել։ Ճամբարը, Դիլիջանն ու շրջակայքը նրանց համար բաց երկնքի տակ գտնվող լաբորատորիայի կվերածվեն։

Ինչո՞ւ է Հայաստանը լեռնային։ Ինչպե՞ս է այն կապված հրաբուխների հետ։ Որտե՞ղ է հնարավոր անզեն աչքով դիտարկել միլիոնավոր տարիների պատմությունը։

Ավարտական նախագծեր՝ Գիտական գաղափարների տոնավաճառ, հետազոտությունների ներկայացում։

Չորրորդ հերթափոխ։ Բացահայտի՛ր ապագան։ 2017թ․ հուլիսի 22-օգոստոսի 4

Հիմնական լեզուն՝ անգլերեն

Մենք այժմ ապրում ենք մշտական փոփոխությունների դարաշրջանում։ Ամեն տարի նոր տեխնոլոգիաներ և դրանց հետ փոխկապակցված մասնագիտություններ են ստեղծվում։ Գլոբալ բիզնեսը ջնջում է մարդկանց և երկրների միջև առկա սահմանները, իսկ ապագայի կանխատեսումները կամ դրանք արտահայտելուց առաջ են ընկնում, կամ լիովին այլ կերպ են կյանքի կոչվում։ Ո՞ր տեխնոլոգիաներն են այսօր իրապես առաջադեմ։ Ի՞նչ որակներով պետք է օժտված լինի 21-րդ դարի մասնագետը։ Վաղվա հաջողության համար ինչի՞ն է անհրաժեշտ ուշադրություն դարձնել և ի՞նչ է պետք սովորել այսօր։ Ինչպե՞ս նորարական գաղափարներ գեներացնել։

Փորձագետների հետ երեխաները կսովորեն, թե ինչպես հետաքրքիր գաղափարը բիզնեսի լիարժեք հայեցակարգի վերածել, տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնաքարային հմտություններ կյուրացնեն, կսովորեն իրենց գաջեթները կիրառել իրական աշխատանքի ընթացքում, կուսումնասիրեն խնդիրների լուծման տեսություններն ու CAS-մոտեցումները (creativity, activity, service)։

Ավարտական նախագիծ՝ Start-Up Village