Դիլիջանում մեկնարկել է JUST DILIJAN IT! ամառային ծրագրերի նոր սեզոնը

Այս տարի ավելի քան 300 երեխա՝ տարբեր երկրներից, կմասնակցեն ինտերակտիվ կրթական ծրագրերին, որոնք տեղի կունենան Հայաստանի UWC Dilijan միջազգային դպրոցի կամպուսում։ Կանցկացվի չորս երկշաբաթյա հերթափոխ՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով։

Չորեքշաբթի՝ հունիսի 7-ին, UWC Dilijan-ի կամպուսում մեկնարկեցին JUST DILIJAN IT! ամառային ծրագրերը։

JUST DILIJAN IT!-ը առաջին միջազգային ճամբարն է Հայաստանում՝ 10-ից 16 տարեկան դեռահասների համար, որը երեխաների և մեծահասակների ազատ շփման, փորձի և գաղափարների փոխանակման համար նախատեսված ստեղծագործ միջավայր է։ Այս տարվա բոլոր հերթափոխները հիմնված են միջառարկայական նախագծային մոտեցման վրա։ Որպեսզի յուրաքանչյուր մասնակից գտնի իրեն հոգեհարազատ զբաղմունք, ամեն հերթափոխին կգործի 10 «լաբորատորիա»․ համակարգչային տեխնոլոգիաներ և հումանիտար ուսումնասիրություններ, բնական գիտություններ և արվեստ, կինո և լուսանկարչություն, թատրոն, սպորտ, երաժշտական ստեղծագործություն, ինտելեկտուալ խաղեր և ռոբոտատեխնիկա։

«Մենք անհավանական տաղանդավոր, ստեղագործ և խարիզմատիկ մարդկանց թիմ ենք հավաքել, որոնք ցանկանում են ոչ միայն փոխանցել երեխաներին իրենց գիտելիքները և փորձը, այլև ներգրավել նրանց ստեղծարար զբաղմունքների, գիտական բանավեճերի և էքսպերիմենտների մեջ, օգնել ոչ միայն ծնել գաղափարներ, այլև իրագործել դրանք», – ասում է Scholae Mundi հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն և JUST DILIJAN IT! ճամբարի կազմակերպիչ Նատալյա Պոդոլնայան։

Դիլիջան են հրավիրված տարբեր ոլորտների առաջատար փորձագետներ։ Օրինակ՝ առաջին հերթափոխի ժամանակ, որն անվանվել է «Բացահայտի՛ր մարդուն» (հունիսի 7-ից 20-ը), երեխաների հետ պարապմունքներ կանցկացնի թատերական ռեժիսոր, «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիր, «Տրիկստեր» թատրոնի հիմնադիր Վյաչեսլավ Իգնատովը։ Երկրորդ՝ «Բացահայտի՛ր մշակույթը» (հունիսի 22-ից հուլիսի 5-ը) ծրագրի ժամանակ երեխաներին իր փորձը կփոխանցի հաջողված ստարտափերի ստեղծող Ալեքսանդր Լիսկովսկին, իսկ երրորդ՝ «Բացահայտի՛ր տիեզերքը» ծրագրի ժամանակ (հուլիսի 7-ից 20-ը)՝ արհեստական բանականության ոլորտի մասնագետ և Microsoft-ի տեխնոեվանգելիստ Դմիտրի Սոշնիկովը։ Չորրորդ հերթափոխին՝ «Բացահայտի՛ր ապագան» (հուլիսի 22-ից օգոստոսի 4-ը) կմասնակցի ֆրանսիացի ռեժիսոր, quick[n]dirty կինոստուդիայի հիմնադիր Բենուա Միշոն։

«Մեզ համար կարևոր է, որպեսզի երեխաները համատեղ աշխատանքում՝ առաջատար գիտականների և մասնագետների աջակցությամբ, կարողանան իրականացնել իրենց ամենահամարձակ գաղափարները», – ընդգծեց Նատալյա Պոդոլնայան։

Այս տարվա ծրագիրը գլխավորում է հոգեբանական գիտությունների թեկնածու, Apple Ռուսաստանի բարձրագույն կրթության նախագծերի ղեկավար, ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիր Յուրի Գորվիցը։

Յուրաքանչյուր ծրագրի ժամանակ պատանիներին սպասում են ոչ միայն հետաքրքիր պարապմունքներ փորձագետների հետ, այլև սպորտ, արշավներ, մաստեր-կլասներ, ինտելեկտուալ խաղեր և բազմաթիվ շփումներ։ Բոլոր հերթափոխները կավարտվեն միջոցառումով․ դա կարող է լինել գաղափարների տոնավաճառ, արտ-նախագծերի ցուցահանդես, թատերական ներկայացում կամ գիտական ֆորում։

«Քննադատ մտածողությունը, զարգացածությունը և ցանկացած գործնական խնդիրներին ստեղծագործ մոտեցում ցուցաբերելը, համարձակ և նոր գաղափարների և մշակույթների համար բաց լինելու ունակությունը՝ այս ամենը արդեն այժմ պահանջված է և պահանջված կլինի ապագայում։ Եվ մեր հավակնոտ նպատակն է՝ այս երկու շաբաթվա ընթացքում երեխաներին փոխանցել սովորելու հանդեպ սերը, ցույց տալ, որ սովորելը և նոր բաներ իմանալը հետաքրքիր և կարևոր է», – ասաց Scholae Mundi հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Խոջիկյանը։

JUST DILIJAN IT! ծրագրերի ևս մի կարևոր բաղադրիչը կդառնա երեխաների ծանոթությունը շրջակա Դիլիջանի բնության, Հայաստանի հարուստ մշակույթի և պատմության հետ։
Դիլիջանի ամառային միջազգային կրթական ծրագրերը առաջին անգամ անցկացվել են 2013 թվականին։ 2016 թվականին ծրագիրը նոր անվանում և նոր բովանդակություն ստացավ, իսկ ծրագրի մասնակցեցին 10-ից 17 տարեկան 200 երեխա Հայաստանից, Արցախից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Կիպրոսից, Իսպանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Շվեյցարիայից։

JUST DILIJAN IT! ամառային ծրագրերը կազմակերպվում են Scholae Mundi Armenia բարեգործական հիմնադրամի կողմից, որի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդը նաև UWC Dilijan քոլեջի հիմնադիրներն են։ Scholae Mundi հարթակի բոլոր նախագծերն ուղղված են կրթական, սոցիալական և մարդասիրական նախաձեռնությունների աջակցմանը և իրենց նպատակներից մեկն են համարում Դիլիջանում միջազգային կրթական հաբի ստեղծումը։