Կրթաթոշակառուները JUST DILIJAN IT! լավագույն ճամբարի մասին

JUST DILIJAN IT! կազմակերպիչները կարևորում են Հայաստանից և աշխարհի տարբեր անկյուններից երեխաների մասնակցությունը ամառային ծրագրերին:

Հայաստանում բնակվող երեխաներին կրթաթոշակներ տրամադրվեցին նաև 2018 թվականին։ Կրթաթոշակ ստանալու համար երեխաները պետք է անցնեին խիստ ընտրություն՝ գրեին շարադրություն, պատասխանեին բազմաբովանդակ հարցերի և անգլերենով մասնակցեին հարցազրույցին։ Հատկացված կրթաթոշակների ստանդարտ քվոտան սովորաբար լինում է քսան մարդ, սակայն այս տարի քսանմեկ էին՝ երկու թեկնածուներ ցույց տվեցին նույն արդյունքները, և հանձնաժողովը որոշեց վերցնել երկուսին։ JUST DILIJAN IT! 2018 ծրագրերին մասնակցեցին երեխաներ Հայաստանի տարբեր շրջաններից՝ Արմավիրից, Վայոց ձորից, Կոտայքից, Լոռուց, Տավուշից, Շիրակից, ինչպես նաև Արցախից։

UWC Dilijan դպրոցի կամպուսում մենք հանդիպեցինք մի քանի կրթաթոշակառուների, որպեսզի տեղեկանանք իրենց տպավորություններից և ակնկալիքներից, որոնք նրանք ստացել են Դիլիջանում այս երկու շաբաթների ընթացքում։

Գայանեն, տեսնելով սոցիալական ցանցերում JDI ծրագրերի մասին գրառումները, որոշեց դիմել քրոջ հետ, և արդյունքում նրանք երկուսով դարձան JDI ծրագրերի մասնակիցներ։ Սկզբում Գայանեն ցանկանում էր բարելավել իր անգլերեն լեզվի հմտությունները և դա նրա մոտ ստացվեց։ Նա սիրում է նկարել և իրեն դուր եկան Visual Arts ուղղության փորձագետ Լադա Շապովալովայի դասերը։ 

JUST DILIJAN IT!- ում Գայանեն սովորեց նկարչության նոր տեխնիկաներ և ձեռք բերեց նոր ընկերներ՝ Նարե, Եսենիա, Մաշա և Իռա։ Ազատ ժամանակ նրանց հետ Գայանեն խաղում, շփվում, ինչպես նաև զբաղվում էր սպորտով։ Գայանեի համար ճամբարի անմոռանալի պահերից էին Հոլիի ներկերի տոնը, Վարդավառի ջրի պայքարը և առաջին նկարչության դասը, որտեղ երեխաները սովորեցին նկարել դիմանկարներ:

Գայանեի հետ ծրագրին մասնակցեց և իր քույրը՝ Անահիտը։ Նա պլանավորում էր ծանոթանալ տարբեր երկրներից երեխաերի հետ, բարելավել իր անգլերենի հմտությունները և ուղղակի լավ ժամանակ անցկացնել։ Անահիտը երազում է ընդունվել UWC Dilijan դպրոց, և JUST DILIJAN IT! ծրագիրը լավ հնարավորութուն էր հասնելու այդ նպատակին։ Նա սիրեց  քանդակագործության դասերը Visual Arts ուղղության շրջանակներում։ Հիմա Անահիտը պատրաստում է  A Point for Every Season of the Year գիրքը հայ գրողների տարվա եղանակների մասին բանաստեղծություններով և անձնական նկարներով։ Աղջնակը հիմա նաև նոր ընկերներ ունի՝ Նարե, Սոֆիա և Նանե։ Ամենահիշարժան օրը նրա համար դարձավ Apaga Resort ուղևորությունը և զիփլայնով թռիչքը։ 

Ճամբար գալուց առաջ Վահեն մտածում էր, որ այնտեղ կլինեն շատ երեխաներ, կամավորներ, ջոկատավարներ, սենյակները փոքր կլինեն, բայց ամեն ինչ ստացվեց ավելի լավ, քան ինքը մտածում էր։ Ճամբարի մասին Վահեին պատմում էր իր մայրիկը, ով աշխատում է UWC Dilijan դպրոցում, եղբայրը և ընկերները, ովքեր եղել են կամավորներ և նախկինում մասնակցել էին ծրագրերին։ Nature & Technology ուղղության դասերին Վահեն նոր գիտելիքներ ստացավ հրաբուխների մասին, սովորեց տարբերել հանքանյութերը սովորական քարերից։ Նա ֆուտբոլի մեծ սիրահար է և ազատ ժամանակ սիրում էր խաղալ ֆուտբոլ իր նոր ընկերների հետ։ Միակ բանը, որը տարբերում էր Վահեին իր ընկերներից այն էր, որ ինքը երկրպագում է Բարսելոնային, իսկ ընկերները Ռեալ Մադրիդին։ Վահեն երկար կհիշի երեկոները խարույկի մոտ և Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի դիտումը։ Նա ցանկանում է ընդունվել Գերմանիայում Ռոբերտ Բոշի UWC քոլեջը։

Նանեն երկար ժամանակ հետաքրքվում էր JUST DILIJAN IT! ծրագրերով և շատ ուրախացավ ծրագրին միանալու հնարավորության համար։ Ինքը ցանկանում եր ձեռք բերել նոր գիտելիքներ և ընկերներ, իմանալ տարբեր երկրների մշակույթների մասին, զարգացնել իր հմտությունները։ Նանեն ընտրեց Nature & Technology ուղղությունը, որի ընթացքում հետաքրքիր փորձարկումներ կատարեց, ուսումնասիրեց ջուրը, տարբեր քարեր և այլն։ Նանեին դուր եկան երեկոյան միջոցառումները ճամբարում։ Երկու շաբաթվա ընթացքում Նանեն այլ երկրների մասնակիցների հետ շփման մեջ ավելի հանդուրժող և բարեկամական դարձավ։ Նա ընկերացավ Ռուսաստանից, Ամերիկայից, Ֆրանսիայից երեխաների հետ և ծրագրի ավարտից հետո կպահպանի կապը նրանց հետ։ Նանեն մտադիր է ընդունվել Հայաստանի Ամերիկյան համալսարան, և JUST DILIJAN IT! ամառային ծրագրերին մասնակցելը համարում է օգտակար։

Իլյայի համար  JUST DILIJAN IT!-ը դարձավ Հայաստանի լավագույն ճամբարը։ Նա նշեց, որ այստեղ շատ զբաղմունքներ, ինքնազարգացման և նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություններ կան։ Nature & Technology ուղղության հիմնական փորձագետի դասերին երեխաները տարբեր անսովոր քիմիական փորձարկումներ կատարեցին, սովորեցին իրենց շրջակա միջավայրը։ Իլյան շատ ուրախ էր,երբ հնարավորություն ունեցավ զբաղվել իր սիրած սպորտաձևերով՝ թեննիսով և բասկետբոլով։ Տղան նոր բաներ էր սովորում ոչ միայն դասերի և ճանաչողական  էքսկուրսիաների ընթացքում, այլ նաև ազատ ժամանակ շփվելով ճամբարի նոր ընկերների հետ։ Իրեն դուր եկավ Խոլի ներկերի վառ խաղը։ Իլյան սիրում է ֆիզիկան և բնագիտությունը, և ցանկանում է ընդունվել հայտնի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ։

JUST DILIJAN IT!-ում Հայկը մտածում էր ձեռք բերել տարբեր երկրներից նոր ընկերներ, ստանալ նոր գիտելիքներ, և իհարկե, լիաթոք ուրախանալ։ Ամառային ծրագրերի մասին ինքը իմացավ ընկերներից և ցանկացավ մասնակցել։ Հայկին շատ դուր եկան Healthy Lifestyle & Sports հիմնական փորձագետի հետ դասերը, երեկոյան միջոցառումները և ազատ ժամանակը, երբ անցկացնում էին Խոլիի և Վարդավառի խաղերը։ Հայկը եկել է իր լավագույն ընկերոջ Դավիթի հետ, ում ճանաչում է արդեն 12 տարի, իսկ արդեն ճամբարում ընկերացավ այլ մասնակիցների հետ։ Խարույքի շուրջ երեկոները, Լոռվա բերդ էքսկուրսիան և շփումը այլ մասնակիցների հետ դարձան Հայկի համար ամենալավ պահերը, որոնց մասին նա շատ երկար կհիշի։ Հայկը ցանկանում է ընդունվել «Այբ» ավագ դպրոց և հայտ ներկայացնել UWC միջազգային քոլեջներից որևէ մեկը։

Աննան ցանկանում էր դրսևորել իր գիտելիքները, զարգացնել այն, սովորել նոր բաներ և ձեռք բերել նոր ընկերներ JUST DILIJAN IT! Ճամբարում Աննայի բոլոր սպասումները արդարացան։ Իր ամենօրյա ամենասիրած զբաղմունքները եղել են միշտ հետաքրքիր և տարբեր երեկոյան միջոցառումները ։ Իրեն շատ դուր եկավ շփման ֆորմատը, երբ կարելի էր սովորել ոչ միայն հիմանական փորձագետի մոտ, այլ նաև իմանալ ավելի ուրիշ ուղղությունների առանձնահատկությունները։

Աննան պատրաստեց Nature & Technology ուղղության ջրի վերլուծության նախագիծը և այն պատրաստելու ընթացքում իր գիտելիքները հարստացրեց ոչ միայն քիմիայի և էկոլոգիայի բնագավարում, այլ նաև սովորեց, թե ինչպես պետք է պատշաճ սկսել և իրականացնել նախագիծ, պրեզենտացիաներ իրականացնել և ճիշտ ներկայացնել աշխատանքի արդյունքները։ Աննան շատ ուրախ էր, որ ձեռք բերեց նոր ընկերներ Հայաստանից, Ռուսաստանից և Ֆրանսիայից, որոնց հետ կշփվի նաև ամառային ծրագրերի ավարտից հետո։ 

Աննան վստահ է, որ նոր ընկերներից շատերը ապագայում կդառնան իր համակուրսեցիները, քանի որ իրենք նույնպես կդիմեն Երևանի պետական բժշկական համալսարան։ JDI օրերը Աննային ուժ և մոտիվացիա հաղորդեցին, նա դարձավ ավելի ինքնավստահ, իսկ փորձագետները և ջոկատավարները ավելի ոգևորեցին նրան։ Յուրաքանչյուր օրը Դիլիջանում հետաքրքիր էր, հիշարժան պահերը շատ էին և Աննան փորձում էր շատ լուսանկարել և գրանցել ամեն ինչը իր օրագրում։