Ավարտվեց Just Dilijan it! 2018 մանկական ծրագրի առաջին հերթափոխը

Ժամանակն այնպես արագ է թռչում, որ մենք արդեն ճանապարհեցինք հունիսի 7-20- ը անցկացվող մանկական ծրագրի առաջին հերթափոխի մասնակիցներին:

Ծրագրի մասնակիցները երկու շաբաթ անընդմեջ բացահայտեցին աշխարհը, ձեռք բերեցին գիտական և ստեղծագործական հմտություններ։ Փորձագետների ուղեկցությամբ նրանք ստեղծեցին ավելի քան 15 նախագիծ։

Performing Arts ուղղության մասնակիցները Ռոմեո և Ջուլիետ պիեսի հիման վրա բեմադրեցին իրական ներկայացում։ Այն տեղի էր ունենում UWC Dilijan դպրոցի կամպուսում։ Այդ օրը դերասաններին անակնկալի բերեց հորդառատ անձրևը և ամպրոպը, բայց չնայած այս ամենին ներկայացումը հաջողվեց և ծնողները հոտնկայս ծափահարեցին։

Leadership ուղղության շրջանակներում երեխաները ներկայացրին հասարակական նախագծերի իրական բիզնես պլաններ։ Նախագծերը ուղղված էին Դիլիջան քաղաքի սպորտային, ժամանցային և կրթական ենթակառուցվածքների զարգացմանը։ Երեխաները նույնպես նկարահանեցին աուտիզմի մասին կարճամետրաժ ֆիլմ, և նույնիսկ ճաշարանի ճաշատեսակների բարելավման առաջարկություններ ներկայացրին։ Հետաքրքիր այն էր, որ 2-րդ հերթափոխի ճաշացանկը ձևափոխած էր ըստ այդ նախագծի։

Visual Arts ուղղության մասնակիցները ինքնուրույն նկարելով ստեղծեցին կոմիքսների մի ամբողջ հավաքածու։ Իսկ Healthy Lifestyle& Sports ուղղության մասնակիցները սովորեցին թե ինչպես պետք է պատշաճ կերպով կազմակերպել իրենց առօրյան, ինչու է պետք կանոնավոր մարզվել։ Երեխաները նաև մրցման տեսքով իրենց ուժերը չափեցին ծնողների հետ։

Nature & Technology ուղղության մասնակիցները ոչ միայն իրականացրեցին ճամբարի էկոլոգիայի բազմաթիվ ուսումնասիրություններ, օրինակ ջրի, օդի և հողի քիմիական ու մանրէաբանական վերլուծություններ, այլև գտան իրենց աշխատանքը ներկայացնելու հետաքրքիր տարբերակ՝ առևախաչ հայկական հավերժության նշանի տեսքով։ Հատկանշականն այն է, որ նշանը պատրաստված էր հենց այն գործվածքներից, որոնք երեխաները ինքնուրույն ներկեցին կամպուսում աճող բույսերից սարքած ներկերով։

Այս երկու հագեցած շաբաթվա ընթացքում երեխաները նաև ծանոթացան Հայաստանի մշակույթին։ Նրանք այցելեցին Ախթալայի և Լոռվա վանքերը, մասնակցեցին արշավների և բացահայտեցին իրենց շրջապատող գեղատեսիլ բնությունը։ Մեկ այլ հիշարժան պահ էր ուղևորություն դեպի «Յելլ էքսթրիմ պարկ» և զիփլայնով թռիչքը։