«Բացահայտի՛ր տիեզերքը»․ ծրագրի լավագույն պահերը

UWC Dilijan դպրոցում հուլիսի 20-ին ավարտվեց JUST DILIJAN IT!-ի երրորդ՝ «Բացահայտի՛ր տիեզերքը» ծրագիրը։ «JDI հանրապետություն»․ երեխաները, փորձագետներն ու խմբավարներն այսպես անվանեցին տեղանքը, որտեղ երկու շաբաթ շարունակ նրանք ներգրավված էին։ «Հանրապետության» բարգավաճման համար ստեղծվեցին երեք գործակալություններ՝ Inner World Agency, Outer World Agency և Science & Art Agency, որտեղ մասնակիցները ստեղծեցին ավելի քան 10 նախագծեր։

Inner World Agency – նախագծեր նվիրված երեխաներին և նրանց զգացմունքներին

Intelligent Photo Booth – «Խելացի ֆոտոկրպակ»․ երեխաներն անձամբ ստեղծեցին JUST DILIJAN IT!-ի բոլոր մասնակիցների լուսանկարների բազա և սովորեցին, թե ինչպես են նախաճաշը, ճաշն ու ընթրիքն ազդում զգացմունքների վրա։ Փորձնական հետազոտության ժամանակ դիլիջանցի գիտնականները բացահայտեցին ամենահաճախ հանդիպող զգացմունքները՝ զարմանք, ուրախություն և տխրություն։ Նրանք նաև պարզեցին, որ ճաշը երեխաներին ավելի մեծ ուրախություն է պատճառում, քան նախաճաշն ու ընթրիքը։

WikiKids՝երեխաների կողմից ստեղծված մանկական «վիքիպեդիա» երեխաների համար։ Թիմը վերցրեց հիմնական կատեգորիաները և հասկանալի լեզվով նկարագրեց բարդ հասկացությունները, ստեղծեց իրենց իսկ  նախագծի լոգոտիպը։ Երեխաները բոլոր ցանկացողներին հրավիրեցին այդ նախագծին մասնակցելու՝ հուսալով, որ WikiKids-ը կօգնի բոլոր երեխաներին իրենց առօրյա կյանքում և կրթության մեջ։

Եվս մեկ նախագիծ երջանկության մասին․ «Happy Teens»։ Երեխաներն անցկացրին քննարկումներ և մտքերի փոխանակում, ստեղծեցին հարցաթեթիկներ և տվյալներ հավաքեցին։ Նրանք հետազոտողեցին ոչ միայն ծրագրի մասնակիցներին, այլ նաև իրենց ընկերներին՝ սոցիալական մեդիայի միջոցով։ Տվյալները համակարգեցին machine learning տեխնոլոգիայի միջոցով։ Արդյունքում եկան եզրահանգման, որ ուրախ են նրանք, ովքեր նախընտրում են ժամանակն անցկացնել բնության գրկում և կախում չունեն եղանակի փոփոխությունից։ Ապացուցվեց նաև ամենագլխավոր հիպոթեզը․JUST DILIJAN IT!-ի երեխաները մնացած երեխաներից երջանիկ են։

Outer World Agency – նախագծեր նվիրված շրջակա միջավայրին

Ծրագրի մասնակիցները այցելեցին Դիլիջանի թանգարան և պարզեցին, որ թանգարանը չունի ո՛չ կայք, ո՛չ քարտեզ և ո՛չ էլ նմուշների ցանկ։ Թանգարանի մասին ամբողջ աշխարհին պատմելու համար երեխաները նկարեցին քարտեզը և սկսեցին ստեղծել վիրտուալ հավաքածուն․ լուսանկարեցին թանգարանային նմուշները, նրանց համար գրեցին նկարագրություններ և մշակեցին լուսանկարներ կայքի համար։ Այսպես էլ ծնվեց Digital Museum նախագիծը՝ Դիլիջանի պատմության մեջ առաջին ինտերակտիվ թանգարանը։

Էթնոգրաֆիկ արշավը մալականների Ֆիոլետովո գյուղում երեխաների վրա մեծ տպավորություն թողեց և նպաստեց առանձին մի նախագծի ստեղծմանը, որն իրենից ներկայացնում էր արշավի մասին պատմությունների և լուսանկարների միավորումը ցիանոտիպիա տեխնիկայի միջոցով: Շատերի համար այս արշավը նոր բացահայտում էր նաև այն պատճառով, որ երեխաներն առաջին անգամ ծանոթացան գյուղական տնտեսության հետ՝ տեսնելով կովեր և թարմ կաթ խմելով, տեսան թե ինչպես են հաց թխում և սխտոր աճեցնում։

Dilijan Map & Water Test նախագծում երեխաները ծանոթացան Դիլիջանի կառուցման պատմությանն ու տեղանքին, կազմեցին աշխարհագրական քարտեզ, հետազոտեցին և համեմատեցին տարբեր աղբյուրների ջրերը։ «Բնական գիտություններ» լաբորատորիայի ևս մեկ նախագիծ՝ Rock Rainbow՝ քարերի ուսումնասիրություն։ Արդյունքում ստեղծվեց աշխարհագրական կոմիքս, որի գլխավոր հերոսներից մեկը դարձավ Jupistone-ը։

«Համակարգչային տեխնոլոգիաներ» լաբորատորիայում երեխաները ստեղծեցին UWC Dilijan-ի ապագայի քաղաքի Giga City & JDI in Minecraft մոդելները՝ Minecraft տեխնոլոգիայի խաղերի օգտագործմամբ։

Science & Art գործակալություն՝ արվեստ և ապագայի տեխնոլոգիաներ

«Ռոբոտամարդ» նախագիծ՝ մարդանման ռոբոտների ստեղծում։ Նախագծի արդյունքում ստեղծվեց ռոբոտների ցուցադրություն, որտեղ նրանք շարժվում էին հատուկ նախատեսված պոդիումի երկայնքով։

«Արվեստ» լաբորատորիայում երեխաները թղթերից և թերթերից ստեղծեցին հայկական ազգային տարազներ և «JDI հանրապետության» բնակիչների հանդերձները։ Կազախստանից ժամանած երեխաները ներկայացրեցին նաև իրենց ավանդույթները։

Հատուկ համաշխարհային առաքելության մասնակիցները ՝Delegation of Observers, հետևեցին Հանրապետության կյանքին և հատուկ ռեպորտաժ պատրաստեցին JDI-ի մասին։

Բոլոր նախագծերը ներկայացվեցին ավարտական միջոցառման ժամանակ, երբ UWC Dilijan կամպուս ժամանեցին ծրագրի մասնակիցների ծնողները և հյուրերը։