ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՀԱՄՏԵՍԵԼՈՒ» 10 ԱՌԻԹ
02.02.2017

Հոդվածը հրապարակվել է 100 LIVES ծրագրի թույլտվությամբ:

Գունեղ, համեղ, բազմաթիվ խոհանոցների ազդեցությունը կրող, բայց իր ինքնատիպությունը պահպանած հայկական խոհանոցն առաջարկելու շատ բան ունի նույնիսկ ամենապահանջկոտ համադամասերներին։ Ներկայացնում ենք այդ խոհանոցի ամենաախորժալի եւ նրբաճաշակ ուտեստների մի ցանկ, որոնք Հայաստանի իսկական համը զգալ ցանկացող ամեն ոք պարտադիր պիտի ճաշակի։

1. ԼԱՎԱՇ

Հայկական լեռնաշխարհից ծագող այս հնագույն «բարակ հացը» վաղուց ի վեր տարածվել է աշխարհով մեկ եւ հարգի է առողջ սննդի հետեւորդների շրջանում։ Այն պատրաստում են խմորը բարձիկի (ռաֆաթա) վրա տարածելով եւ թոնրի տաք պատերին խփելով։ Արդյունքում ստացվում է թեթեւ, օդային, անուշաբույր եւ, ամենակարեւորը, համեղ հաց։

2. ՀԱՐԻՍԱ

Հարիսան ուտեստների ցուցահանդես-մրցույթներին ոչ մի մրցանակ իհարկե չի շահի, բայց այն հայկական ավանդական համեղ կերակուր է, որը պատրաստում են հավի թել-թել մսից եւ ձավարից։ Ուտում են հիմնականում ձմռանը՝ համեմելով կարագով, քիմիոնով եւ երբեմն նաեւ Հալեպի պղպեղով։

3. ԺԵՆԳՅԱԼՈՎ ՀԱՑ

Սա հայկական ամենայուրահատուկ ուտեստներից է, արցախյան խոհանոցի զարդը։ Այն պատրաստում են կանաչեղենի մեկ տասնյակից ավելի տեսակներից (երբեմն նույնիսկ քսանից ավելի), որոնք բարակ շերտով լցնում են խմորի վրա, ծածկում խմորով եւ տապակում թավայում։ Ժենգյալով հացը հստակ բաղադրատոմս չունի։ Թարմ կանաչեղենի հյութերով հագեցած այս տաք հացն առողջարար է, սննդարար եւ շատ համեղ։

4. ԹԵԼ ՊԱՆԻՐ

Ամերիկայում թել պանիրը ծանոթ է բոլորին. այն դպրոցական նախաճաշի հիմնական բաղադրիչներից է։ Հայկական թել պանիրը, սակայն, ընդհանրապես նման չէ դրան։ Այն հյուսում են ու կապում, դու էլ ուտելիս պիտի քանդես՝ համեղ մասերին հասնելու համար։ Երբեմն դրան մի անսովոր համեմունք էլ են հավելում՝ քիմիոնի սերմ։

5. ՂԱՓԱՄԱ

Շատերը կարծում են, որ Հելոուինից բացի, դդումը միայն կարկանդակում կարելի է օգտագործել։ Բայց ո՛չ։ Հայկական ավանդական ղափաման (որն այնքան են սիրում, որ դրա մասին նույնիսկ հատուկ երգ կա հորինված) պատրաստում են դդումի մեջ բրինձ, մրգեր եւ համեմունքներ լցոնելով։ Արդյունքում ստացվում է մի աման համով-հոտով տոնական ուտելիք։

6. ԻՉ (ԲԼՂՈՒՐՈՎ ԱՂՑԱՆ)

Արեւմտահայ խոհանոցի սիրված ճաշատեսակներից մեկը՝ իչը, պատրաստում են բլղուրով, տոմատի մածուկով, կանաչ սոխով եւ ձիթապտղի ձեթով։ Այն ուտում են հացով կամ հազարի (սալաթի) տերեւներով։

7. ՉՈՐԵԿ

Զատկի օրերին չորեկն անբաժանելի է հայկական սեղանից՝ ինչպես ներկած ձուն։ Սա փափուկ եւ քաղցր մի բլիթ է, որը հաճախ համեմում են քիմիոնի սերմերով եւ զարդարում ձվով։ Փամփլիկ այս հացը մատուցում են Զատկի մեծ ճաշկերույթի ավարտին։ 

8. ԹԱՆԱՊՈՒՐ

Տոնական օրերին, հատկապես՝ Ծննդյան տոներին, թանապուրը սպասված հյուր է հայկական սեղանին։ Այն պատրաստում են մածունից, որին ավելացնում են ձավարի մեջ մսով կամ կարագով լցոնած կոլոլակներ։ Դրա թանձր համն ու սուր բուրմունքը տաք ու ախորժալի հավելում է ձմեռվա սեղանին։

9. ԳԱԹԱ

Հայկական ավանդական քաղցր գաթան ամենուր է՝ լինի տոնական, թե տարվա մնացած օրերին։ Որոշ տեղերում, օրինակ՝ Գառնիում ու Գեղարդում, դրա երեսը զարդարում են տառերով կամ բազմապիսի պատկերներով։ Երբեմն  գաթայի մեջ նաեւ մետաղադրամ են թաքցնում. համարվում է, որ գտնողը բարի բախտի կարժանանա։

10. ԽԱՇ

Խաշը, որի անունը ծագում է հայերեն «խաշել» բառից, ուտելու այնպիսի յուրահատուկ մշակույթ ու մթնոլորտ ունի, որ այն գրեթե երբեք չեն խառնում այլ կերակուրների հետ։ Տավարի խաշած տոտիկներից եւ երբեմն նաեւ գանձակից պատրաստվող այս ճաշը լցնում են ամանների մեջ, ապա ամեն մեկն, ըստ ճաշակի, համեմում է սխտորով, լիմոնով եւ աղով։ Վերջում ավելացնում են չոր լավաշ։ Խաշը սովորաբար ուտում են ձմռանը եւ գերազանցապես՝ առավոտ կանուխ։ Խմում են սովորական կամ տնական քաշած օղի (ծիրանի կամ թթի)՝ խիստ որոշակի կենացների հաջորդականությամբ. «բարի լույսից» հետո պատվում են տանտիրոջը, իսկ վերջում՝ հյուրերին։